Չորեքշաբթի Ստամբուլի դատարանը թուրք քարոզիչ Ադնան Օկտարի գործով նոր որոշում է կայացրել՝ կատարած հանցագործությունների համար նրան դատապարտելով 8658 տարվա ազատազրկման, հաղորդում է Daily Sabah-ը։

Օկտարին մեղավոր են ճանաչել մի շարք հանցագործություններում՝ սեքսուալ ոտնձգություններ եւ բռնություն, որը, մասնավորապես, կիրառվել է նաեւ անչափահասների նկատմամբ, ինչպես նաեւ մարդկանց առեւանգում եւ ազատազրկում, լրտեսություն եւ հարկային մեքենայություններ։

Օկտարն անձամբ ստացել է 891 տարվա ազատազրկում, սակայն դատարանը որոշել է, որ նա պատասխանատու է նաեւ իր հետեւորդների հանցագործությունների համար, այդ պատճառով վերջնական արդյունքում նրան 8658 տարվա ազատազրկման են դատապարտել։

Օկտարի առաջին դատավճիռը կայացել է 2021 թվականին։ Դատարանը նրան 1000 տարվա ազատազրկման է դատապարտել, սակայն հետո չեղարկել է դատավճիռը եւ կասկածյալին ազատ  արձակել։ Դատական գործընթացը վերսկսվել է 2022 թվականին։