Դադարեցվել են լսումները Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով: Փաստաբանները կռիվ են սարքել: Նախկին նախագահի պաշտպանի եւ հանրության շահերը ներկայացնող փաստաբանի ծեծկռտուքը դադարեցրել է դատաքննությունը:

«Ալ-Մասրի ալ-Յաում» թերթը, որը հայտնել է կռվի մասին, նշել է, թե ընդմիջման տեւողությունն առայժմ չի քննարկվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր վերսկսվել էր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական գործընթացը:

Ի տարբերություն նախկին երկու դատական նիստերի՝ այս անգամ  դատավորն արգելել էր գործընթացն ուղիղ եթեր հեռարձակել։

Քուվեյթից Կահիրե էին ժամանել 10 փաստաբաններ, ովքեր իրականացնելու էին Մուբարաքի պաշտպանությունը:

Դատապարտյալի աթոռին են նաեւ Մուբարաքի երկու որդիները՝ Գամալը եւ Ալաան, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադիլը եւ ոստիկանության 6 բարձրաստիճան նախկին աշխատակիցներ։

Մուբարաքը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների զանգվածային սպանություններին մասնակից լինելու, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի մեջ։ Մեղադրական  դատավճռի կայացման դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում։

Նա իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները հերքում է։

Մուբարաքի որդիները մեղադրվում են կոռուպցիայի մեջ, նրանք եւս հերքում են իրենց մեղքը։