Վայքի քաղաքային հիվանդանոցում ծնված, այնուհետեւ` «Մուրացան» հոսպիտալ տեղափոխված երեխան մահացել է սեպտեմբերի 4-ին ժամը 03:25-ին: Առավոտյան նրա դիակը տեղափոխվել է մանկական ախտաբանաանատոմիական կենտրոն` օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով դիահերձում կատարելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` այս պահին Առողջապահության նախարարության հանձնաժողովը`  Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանի ղեկավարությամբ, գտնվում է Վայքի ծննդատանը դեպքի հետ կապված հանգամանքները տեղում պարզելու և բուժհաստատությունում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակը գնահատելու նպատակով: «Քանի որ դեպքը իրավապահ մարմինների վարությում է և այդ կապակցությամբ նյութերը գտնվում են նախնական քննության փուլում, օրենսդրությունը պահանջում է մահվան դեպքի ուսումնասիրություն` դատաբժշկական փորձաքննության Ճանապարհով, որի իրականացումը հնարավոր է գործը վարող մարմնի, տվյալ դեպքում Վայքի քննչական բաժնի համապատասխան որոշմամբ: Վերջինս, ըստ նախնական պայմանավորվածության, կստանանք առաջիկա ժամերին: Դիահերձումը կկազմակերպվի վաղը»: Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան` առողջապահության նախարարությունը իրավասու է նախնական քննության տվյալները հրապարակել միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:

Ավելի վաղ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել, որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանությունը նյութեր էր նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: «Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա: Ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում նախապատրաստում են նյութեր Մետաքսյա Հ-ի կողմից հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: