«Այդ մեկ-երկու ստահակի ոճրագործությունը հարված էր բանակի, պաշտպանության նախարարի, մեր բոլորիս թիկունքին»,- NEWS.am-ին ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, հավելելով. «Այս օրերին մենք ականատեսն ենք լինում մեկ այլ վտանգավոր միտումի. շահարկվում է մարդկային ողբերգությունը: Փորձ է արվում հանրային ցասման վեկտորն ուղղել պաշտպանության նախարարի անձի վրա, կոնկրետ ստահակների ոճրագործության հետեւանքով ձեւավորված հանրային բացասական հուզական ֆոնը տարածել բանակի ընդհանուր կերպարի վրա»:
Նրա խոսքով, դա արդարացի չէ, քանի որ այդ դեպքում նսեմանում, ստվերվում է բանակի պարկեշտ զինվորականության առօրյա ծանր աշխատանքը:
«Պաշտպանության նախարարն ունի ակտիվ աշխատանքի ոճ, ինչը կանխում է համակարգի լճացումը: Այստեղ խոսքը նախարարին քննադատությունից զերծ պահելու մասին չէ բնավ: Խոսքը պաշտպանության նախարարի կերպարը միտումնավոր վարկաբեկելու փորձի մասին է, ինչը վտանգավոր է: Նման ողբերգությունները կանխելու համար հարկավոր է բանակում արմատախիլ անել բռի հրամանատարի կերպարը: Այդ առումով մեզ այսօր անհրաժեշտ է այնպիսի պաշտպանության նախարար, որի կերպարը զերծ լինի բռի, անկիրթ, կոպիտ զինվորականի գծերից: Սեյրան Օհանյանի կերպարը հենց այդպիսին է, ինչը կարող է վկայել նրա հետ առնչություն ունեցած ցանկացած ոք: Ցավալի է, որ Գուրգեն Եղիազարյանը այս տարիների ընթացքում չի հասկացել, թե Սեյրան Օհանյանը ինչ ավանդ ունի բանակաշինության մեջ»,- ասել է Ջամալյանը, նկատի ունենալով ՀԱԿ-ի անդամ Գուրգեն Եղիազարյանի այն հայտարարությունը, ըստ որի բանակում տիրող վիճակի, սպանությունների համար թիվ մեկ պատասխանատուն Սեյրան Օհանյանն է:
«Մարդկային ողբերգության ֆոնին ձեռքբերումներից խոսելը տեղին չէ: Հանրությունը դա ընկալվում է իբրեւ ողբերգությունը արդարացնելու փորձ, մինչդեռ ստահակների անմարդկային արարքն արդարացնելու փորձն անգամ անբարոյականություն է: Սակայն պակաս անբարոյական չէ նաեւ մարդկային ողբերգությունը մասնավոր շահերին ծառայեցնելը: Այսօր սպանված զինվորի հարազատներին կյանքին կապող միակ թելը արդարության վերականգնումն է, ինչին հետամուտ պետք է լինենք բոլորս»,- ամփոփել է նա:




























