Ասմունքի հանրապետական-մանկապատանեկան փառատոնի մրցութային հանձնախմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց վրդովմունքն են հայտնում, որ լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը այսօր ասուլիսում հայտարարել է, որ փառատոնի ընթացքում հրապարակվում են ոչ թե Տերյանի կամ Չարենցի, այլ փառատոնի հիմնադիր եւ հովանավոր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի լուսանկարները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ասմունքի փառատոնն անցկացվել է արդեն երրորդ անգամ` արժանանալով Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի բազմահազար դպրոցականների եւ ուսուցիչների ջերմ հավանությանը եւ մինչ օրս որեւէ մեկի մտքով չէր անցել որեւէ հայտարարությամբ ստվերել կրթամշակութային այս կարեւորագույն միջոցառման տարեցտարի աճող հեղինակությունը:

Փառատոնի մասին ծանուցող ազդագրերում եղել են ոչ թե Հովիկ Աբրահամյանի, այլ այն պոետների լուսանկարները, որոնց նվիրված է եղել փառատոնը: Հովիկ Աբրահամյանի լուսանկարների կարիքը երբեւէ չի եղել, որովհետեւ նա անձամբ է ներկա լինում փառատոնին եւ ոգեւորում աչքի ընկած երեխաներին:

Փառատոնի առաջնային նպատակներից մեկը մեր դասական պոետների ստեղծագործությունների միջոցով դպրոցականների շրջանում հայոց լեզվի անաղարտության պահպանումն ու ամրապնդումն է եւ խիստ տարօրինակ է, որ դա դուր չի գալիս մի մարդու, ով իր  մասնագիտության բերումով առաջինը պիտի ողջուներ մեր գրականությանն ու լեզվին նվիրված այս նշանակալի միջոցառման հաղթարշավը:

Ի հեճուկս Դավիթ Գյուրջինյանի` հայտնում ենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մոտ օրերս կմեկնարկի ասմունքի հանրապետական չորրորդ մրցույթ փառատոնը, որի փուլերում կշրջանառվի ոչ թե մեկ, այլ միանգամից չորս լուսանկար, քանի որ այս անգամ փառատոնը նվիրվում է արեւմտահայ չորս պոետների` Պետրոս Դուրյանին, Միսաք Մեծարենցին, Դանիել Վարուժանին եւ Վահան Թեքեյանին»:

Հայտարարության տակ ստորագրել են.

Ռազմիկ Դավոյան- գրող, հրապարակախոս

Գուժ Մանուկյան- ՀՀ ժողովրդական արտիստ

Կարո Վարդանյան- Չարենցի անվան գրականության եւ արվեստի      

թանգարանի տնօրեն, բանասիրական գիտ. թեկնածու

Մարիետա Մակարյան- ռեժիսոր, լրագրող

Սամվել Մուրադյան- ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Սարգիս Նաջարյան- ՀՀ վաստակավոր արտիստ

Ջուլիետա Բաբայան- ՀՀ վաստակավոր արտիստ

Ռոբերտ Հարությունյան- ՀՀ վաստակավոր արտիստ

Անդրանիկ Հարությունյան- արվեստի վաստակավոր գործիչ

Անիտա Երզնկյան- Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 

պրոռեկտոր, պրոֆեսոր

Սուսաննա Կիրակոսյան- Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոցի տնօրեն

Աստղիկ Շիրազ

Անի Շիրազ