Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը հրաման է ստորագրել ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին  Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում նշանակելու մասին:

Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արսեն Գալստյանն ազատվել է ոստիկանության ներքին զորքերի N զորամասի հրամանատարի պաշտոնից:

Նշենք, որ օգոստոսի 30-ին ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 2-ին կալանավորվել էր ՃՈ պետ մարգար Օհանյանը: Օհանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը): Օրեր առաջ ձերբակալվել էր 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը, ով յուրացրել էր ճանապարհային ոստիկանության կարիքների համար ստացած 277 հազար լիտր բենզինի մեծ մասը` 156 հազար լիտրը` 57 միլիոն դրամի վնաս հասցնելով պետությանը: Կարախանյանին գրավի դիմաց ազատ էին արձակել, իսկ հաջորդ օրը ձերբակալել էին Մարգար Օհանյանին: