Հայ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմն անդրադարձել է «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» նախաձեռնության տարածած տեղեկությանը, ըստ որի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հավաքատեղի:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են հետեւյալը.
«Սույն հարցը միշտ եղել է Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում: Տարիներ շարունակ համայնքի հոգեւոր կարիքները հոգացել է Ս. Հակոբ եկեղեցին: Սակայն ժամանակի մարտահրավերները պատեհ առիթ ստեղծեցին, որ Ս. Աստվածածինը կրկին դառնա գործող եկեղեցի: Առաջնորդական փոխանորդի կարգադրությամբ եկեղեցին վերանարոգումից հետո կունենա հոգեւոր հովիվ, եւ կհոգա համայնքի հոգեւոր պահանջները:
Ահազանգ ենք բարձրացնում, որ «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը ծանր հետեւանքներ է բերում մարդկանց թե հոգեւոր, եւ թե ֆիզիկական վիճակին: Արարատյան թեմը դիմել է նաեւ իրավապահ մարմիններին, որ պատժվեն իրավախախտները: Չգործող եկեղեցու բակում ակտիվություն ցուցաբերելով` «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդը մարդկանց միտումնավոր մոլորեցնում է` ներկայանալով իբրեւ Առաքելական եկեղեցի:
Կոչ ենք անում չխաբվել եւ զգուշանալ, որ որեւէ մեկը չհայտնվի այդ կործանարար աղանդում: Զգոն եղեք: Ձեզ հուզող հարցերով մշտապես դիմեք հոգեւորականներին, կամ գրեք Արարատյան Հայրապետական թեմի www.qahana.am կայքին: Մենք հետեւողական ենք եւ արձագանքում ենք հուզող բոլոր հարցերին»:
Նշենք, սակայն, որ Արարատյան հայրապետական թեմը չի անդրադարձել նույն տեղեկության այն հատվածներին, որտեղ նշվում է. «Լքված եւ անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաեւ կռվատեղի թաղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի: Շնորհիվ տեղացի մի բնակչուհու եկեղեցին ունի դուռ (թեեւ անարվեստ) եւ կողպեք. իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիները իրենց տներից բերել են սրբապատկերներ, ի դեպ մեծ թիվ են կազմում ռուսական սրբապատկերները:
Այս իրավիճակի պատասխանատուն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Հայ առաքելական Եկեղեցու Արարատյան թեմն են»:




























