Wikileaks-ին ոչ կարելի է վիշապ համարել, ոչ էլ` հրեշտակ: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Հայաստանի վերաբերյալ սկանդալային կայքի հրապարակումները:

Դիտարկմանը, թե ըստ կայքի հրապարակումների, 2008թ. ընտրություններին Սերժ Սարգսյանը չէր ընտրվել Հայաստանի նախագահ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե Wikileaks-ը պիտի որոշի, թե ով է ընտրվել, կարծում եմ` դա մեր հասարակության նկատմամբ հարգալից վերաբերմունք չէ: Ես ավելի շատ հակված եմ պատասխանել մեր աղավաղված մամուլի հարցադրումներին, քան Wikileaks-ի, որը կարողացավ ամբողջ աշխարհը զգաստ վիճակում պահել: Հետո աշխարհը հասկացավ, որ դա մթնոլորտ ստեղծելու հայտնություն է, բայց մեր մոտ դեռեւս շարունակվում է Wikileaks-ը: Wikileaks-ին ոչ կարելի է վիշապ համարել, ոչ էլ հրեշտակ: Ինձ Wikileaks-ը չէ, որ պետք է բնութագրի, թե ովքեր են մեզ շրջապատող մարդիկ»,- նշեց Գալուստ Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարին զայրացրել էր նաեւ այն, որ ամերիկյան դիվանագետներն իրենց հեռագրերում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին խորամանկ աղվես էին անվանել: «Հին աղվեսներին թող իրենց մոտ որոնեն: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական հակառակորդ չեմ համարում, այլ մրցակից: Իմ համար վիրավորական է: Ափսոս հասցեատեր չկա, որ ես էլ վիրավորեմ»,- նշեց նա:

Գալուստ Սահակյանը քստմնելի մարդիկ է համարում նրանց, ովքեր անկեղծացել են օտարերկրյա դիվանագետների առջեւ` ի վնաս Հայաստանի: «Դրանք լավ հայեր չեն»,- ասաց նա:

«Նիկոյանին էլ նկատի ունե՞ք»,- հարցրին լրագրողները` ակնկարկելով, որ հեռագրերից մեկում շոշափվում է  նաեւ ԱԺ փոխնախագահի անունը, ով որոշ մանրամասներ էր հայտնել Հայաստանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնին Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հակասությունների մասին:

«Ես Wikileaks-ին չեմ հավատում»,- անակնկալի եկավ Գալուստ Սահակյանը բայց համենայն դեպս կրկին պնդեց, թե քստմնելի է համարում բոլոր նրանց, ովքեր հայաստանյան իրողությունների մասին տեղեկություններ են հայտնել օտարերկրյա դիվանագետներին: