«Խղճի եւ կրոնի մասին» օրինագիծը միտումներ ունի կրճատել Հայ առաքելական եկեղեցու իրավունքներն ու լիազորությունները: Այդ մասին սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել Աջապահյանը:

«Ինչպես եւ առաջ, ես ասում եմ, որ դա չի վախեցնում Հայ առաքելական եկեղեցուն: Հայ առաքելական եկեղեցին չի վախենում ոչ այդ օրինագծից, ոչ էլ դրանից վատթար օրինագծերից: Հայ առաքելական եկեղեցին կարող է գործել ցանկացած օրենքի առկայության պայմաններում եւ կմնա մեծամասնություն` հաղթանակ տանելով գաղափարական պայքարում: Դա մենք ապացուցել ենք բազում դարերի ընթացքում»,-ընդգծել է Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդը:

Եպիսկոպոսի խոսքով, «Խղճի եւ կրոնի մասին» օրինագիծի հանդեպ եկեղեցու դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ դրանով փորձ է արվում Հայ եկեղեցին հավասարեցնել այլ կրոնական կազմակերպություններին. «Ցանկանում են Հայ առաքելական եկեղեցին հավասարեցնել ինչ-որ կրոնական կազմակերպությանը, որն ունի 25 անդամ: Այո, մենք համաձայն ենք, որ իրավական դաշտում պետք է հավասարություն լինի, բայց չի նշանակում, որ այդ կազմակերպությունը պետք է հավասարվի եկեղեցուն: Կրոնական կազմակերպությունները իրենց արտոնությունների շրջանակում պետք է ունենան միեւնույն իրավունքները, քանի որ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Հայաստանի բնակչության մեծամասնության եկեղեցին, եւ հետեւաբար չի կարելի ճնշել մեծամասնության իրավունքները` հարգելով կրոնական փոքրամասնությունների շահերը»: