«ՍԹԱՐ» առեւտրային ցանցի կողմից «Ֆրեշ» սուպերմարկետների գնման շուրջ բանակցություններն ավարտվել են: Կողմերն արդեն ձեռք են բերել վերջնական պայմանավորվածություն, սակայն գործարքն ավարտին հասցնելու համար, մինչ փաստաթղթերի ստորագրումն, այս փուլում, գործարքը պետք է հաստատվի նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից:

«ՍԹԱՐ»-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս առնչությամբ, ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն` Վահան Քերոբյանը նշել է. «ՍԹԱՐ-ի կողմից Ֆրեշ սուպերմարկետների ցանցի գնումը հնարավորություն կտա մեծացնել վաճառքի ծավալներն, ինչպես նաեւ էապես նվազեցնել լոգիստիկ, դիստրիբուցիոն եւ ադմինիստրատիվ ծախսերը` հասնելով ցանկալի արդյունավետության, որն է 15-ից 20 տոկոսով ծախսերի նվազեցումը` նոր միավորված ցանցում»:

Ենթադրվում է, որ իրավաբանական ձեւակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում որին անմիջապես կհաջորդեն զարգացման ռազմավարական ծրագրերի մշակման փուլը: Մոտ ապագայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կհրապարակվեն գործարքի մանրամասները եւ ընկերության զարգացման պլանները:

Նշենք, որ ներկայումս ՍԹԱՐ առեւտրային ցանցը կառավարում է 18 սուպերմարկետ, որոնցից 17-ը Երեւանում եւ մեկը` Հրազդանում, իսկ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը ներառում է 4 «Ֆրեշ» սուպերմարկետ եւ 3 «Քեթրին» խանութներ Երեւանում:

Բացի այդ, մոտ ապագայում ՍԹԱՐ-ը կբացի եւս մեկ խանութ Դավթաշեն վարչական շրջանում: