Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո առաջին անգամ այդ թեմային է անդրադարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ նշել է, թե Իսրայելը միշտ երես առած տղայի դեր է խաղացել։ «Մենք վճռականություն ցուցաբերեցինք Իսրայելի դեմ, որտեղ տիրում է պետական ահաբեկչությունը։ Մենք Իսրայելի դեմ քայլ ենք կատարել, որը շարունակվելու է։ Վաղվանից դիվանագիտական հարաբերությունները կիջնեն 2-րդ քարտուղարի մակարդակի»,-նշել է Էրդողանը՝շեշտելով, թե ՄԱԿ-ի զեկույցն իրենց համար կարեւորություն չունի։

Անդրադառնալով Գազա կատարելիք այցին, նշել է, թե այն դեռ որոշված չէ, եւ միայն Եգիպտոսի հետ շփումներից հետո վերջնական որոշում կկայացնեն։

Նշենք, որ  «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի եւ մինչեւ սեպտեմբերի 7-ը Իսրայելում գտնվող դիվանագիտական անձնակազմը կվերադառնա Թուրքիա։

Թուրք նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են։