Վայքի քաղաքային հիվանդանոցում ծնված, այնուհետեւ` «Մուրացան» հոսպիտալ տեղափոխված երեխայի դիակի հերձումը, որը նախատեսված էր այսօր, չի կայացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Նրանց փոխանցմամբ` երեխայի հայրը ցանկացել է ներկա լինել դիահերձմանը եւ կռիվ է սարքել: Քննիչի որոշումը` դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին, ուղարկվել է համապատասխան ատյաններ, բայց առանց նրա ներկայության հերձումը հնարավոր չէ: Քննիչը պետք է գար Երեւան, բայց առայժմ հայտնի չէ` հասել է, թե` ոչ:

Նշենք, որ քննիչը երիտասարդ կին է, լուրեր են շրջանառվում, որ կարող է նույնիսկ նրան փոխեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին երեկ ծեծի են ենթարկել:

Ավելի վաղ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ եւ սպասում են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:

Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի ոստիկանությունը նյութեր էր նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: «Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա:

Ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում նախապատրաստում են նյութեր Մետաքսյա Հ-ի կողմից հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: