2011 թ. սեպտեմբերի 6-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց  իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով եւ սահմանել այն 8.0%:  Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

2011 թ. օգոստոսին արձանագրվել է 0.6% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.5 տոկոսային կետով եւ կազմել 4.8%:

ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ ներկայումս արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցություն ունեն:

Սակայն դեռեւս պահպանվում են զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններով պայմանավորված համաշխարհային տնտեսության հեռանկարների անորոշությունները:

ԿԲ խորհուդն այն կարծիքին է, որ ներկայումս ներքին պահանջարկի ազդեցությունը գնաճային միջավայրի վրա նվազեցման ուղղությամբ է:

Մասնավորապես` մասնավոր ծախսումների ազդեցությունը գնահատվում է չեզոք, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Չեզոք ազդեցություն ունեն նաեւ աշխատանքի շուկայի զարգացումները:

Դրամավարկային պայմանների թուլացումը, ըստ ԿԲ-ի, հնարավորություն կտա մեծ հավանականությամբ գնաճը կանխատեսվող հորիզոնում ձեւավորել տատանումների թույլատրելի միջակայքի սահմաններում` միաժամանակ լրացուցիչ խթաններ ստեղծելով տնտեսական ակտիվության ավելացման համար: