Երկարատեւ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի թույլտվությամբ Թուրքիա ներկրված Ռոմանովյան ոչխարներին Թուրքիայում խիստ անվտանգության միջոցառումների ներքո են պահում։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ «Չիքմենթ Ռոմանով» ագարակի սեփականատեր Օսման Նուրի Գյունայը նշել է, թե այդ ոչխարների տեսակից կա միայն Ռուսաստանում եւ այսուհետ նաեւ Թուրքիայում։  «Մեր ագարակում 7 ամսվա ընթացքում 80 գառնուկ է ծնվել։  5 տարի տեւած բանակցություններից հետո Ռուսաստանից կարողացանք 175 գլուխ Ռոմանովյան տեսակի ոչխար բերել Թուրքիա»,-ասել է Գյունայը։

Նշվում է, որ ոչխարներին երկնքից հսկում է անօդաչու թռչող սարքը, իսկ հովիվները հատուկ պատրաստություն են անցել եւ զինված են երկարափող զենքերով։ Ագարակում ամենուր տեղադրված են անվտանգության տեսախցիկներ։ Անասնաբույժներն ագարակում իրականացնում են 24-ժամյա հսկողություն։

«Ռոմանովյան» ոչխարները դիմացկուն են շոգի եւ ցրտի նկատմամբ եւ տարին երկու անգամ բազմանում են, մեկ մորից լույս աշխարհ են գալիս 3-4 գառներ: