Վրաստանում` Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում ազատ են արձակել մեկ ամսից ավելի անազատության մեջ գտնվող չորս հայ երիտասարդներին: Բաթումիի դատարանը նրանց նկատմամբ տուգանքի վճիռ է կայացրել` յուրաքանչյուրից 5000 լարի (մոտ 3000 դոլար) գանձելով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի չորս ուսանողներ` Ռուբեն Պողոսյանը, Հովսեփ Մեյմարյանը, Տիգրան Սերոբյանն ու Հարությունը (վերջինիս ազգանունը չհաջողվեց պարզել-խմբ.) օգոստոսի 10-ից գտնվում էին Բաթումիի ժամանակավոր պահման մեկուսարանում:

Նրանք ծնողների հետ հանգստանում էին Քոբուլեթիում: Օգոստոսի 10-ին նրանք մեքենայով որոշում են մեկնել Բաթումի, սակայն ճանապարհին ընդհարում են ունեցել Բաթումիի Սուրբ Երրորդություն վրացական եկեղեցու քահանա Գեորգիի, նրա եղբոր եւ նրանց ուղեկիցների հետ, եւ դեպքի վայր ժամանած ոստիկաններն օպերատիվ կերպով ձերբակալում են հայ երիտասարդներին: Ականատեսների վկայությամբ, ծեծկռտուքը սադրել էին վրացիները, ովքեր վիրավորել են հայ ուսանողներին` պահանջելով «գնալ եւ հանգստանալ իրենց հայրենիքում»: