Տարածքային կառավարման նախարարությունում, այսօր` սեպտեմբերի 6-ին, միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրություն եւ դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացում» փաստաթղթի նախագիծը:

Գ. Եգանյանի խոսքով` փաստաթղթում մասնավորապես նկարագրվում են ՀՀ-ից միգրացիոն հոսքերի ծավալներն ու ուղղությունները, անկանոն միգրացիայի դրսեւորումները, վեր են հանվում անկանոն միգրացիա երեւույթին բնորոշ խնդիրները, եւ այս ամենի հիման վրա ներկայացվում են առաջարկություններ եւ միջոցառումներ` ուղղված ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանոնակարգմանը:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Եգանյանին հանձնարարել է փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպել` ԱԺ-ի, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կոլեգիան ի գիտություն ընդունեց  նաեւ համայնքային բյուջեների կատարողականի ութ ամսվա ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը: