Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Երուսաղեմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վաշտի Հունաստանի գլխավոր հրամանատար Պողոս Չոլակյանը, պատմելով իրենց կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի մասին, Երեւանի քաղաքապետին փոխգործակցության առաջարկ է ներկայացրել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանն իր հերթին ներկայացրել է հիմնական այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանը պատրաստ է համագործակցության, առանձնացնելով մասնավորապես «Հին Երեւան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպես նաեւ Էրեբունի արգելոց - թանգարանի վերակառուցման բիզնես նախագիծը. «Քաղաքի վերակառուցման, քաղաքային տնտեսության արդիականացման առումով մենք շատ բաց ենք եւ պատրաստ ցանկացած օժանդակության»,-նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` հյուրերը Երեւանի քաղաքապետին են հանձնել առաջին դասի եւ ասպետների ընկերոջ խաչեր: