Բելառուսիայի նախագահը թեկուզեւ համարվում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն ՀԱՊԿ-ի կողմից օգնության գաղափարը «օգտագործել է իր նպատակների համար եւ գռեհկացրել դա», գրում է «Իզվեստիա» թերթը:

«Խոսքը սահմանադրական կարգի պահպանման համար ՀԱՊԿ-ի ներուժի կիրառման մասին է: Երբ ազգային ուժերն ի վիճակի չեն հարթել իրադրությունը, եւ ստեղծվում է վտանգ քաղաքացիների կյանքի եւ անվտանգության համար, տեղի են ունենում զանգվածային թալան եւ դիակապտությունը, այդ ժամանակ ՀԱՊԿ-ը կարող է միջամտել: Այն, ինչ տեղի ունեցավ 2010 թ. դեկտեմբերին Մինսկում, դա պետության ներքին գործն է»,-«Իզվեստիա»-ին պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այդպիսով, Մոսկվան դեռ չի որոշել, թե արդյոք պաշտպանելո՞ւ է Լուկաշենկոյի վարչակարգն այն դեպքում, եթե Մինսկի իրադարձությունները կրկնվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ օգոստոսի 30-ին Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները համապատասխանեցնում են դիրքորոշումները Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀԿՈՒ) կիրառմամբ պետական հեղաշրջումների կանխման ուղղությամբ:

«Խոսքը գնում է ոչ միայն դրսից այլ պետությունների միջամտության դեպքում ՕՀԿՈՒ-ի կիրառման մասին: Ոչ ոք մեր դեմ պատերազմ չի սկսի, իսկ շատերի «ձեռքերը քոր են գալիս» սահմանադրական հեղաշրջում կատարելու հարցում»,-ասել էր Լուկաշենկոն: «Մենք պետք է պաշտպանենք ՀԱՊԿ-ի ամբողջականությունը եւ անկախությունը»,-հավելել էր նա:

Բացի այդ, Լուկաշենկոն անդրադարձել էր ՀԱՊԿ երկրների տարածքում օտարերկրյա ռազմական բազաների տեղակայման հարցը:

Իր հերթին, Բորդյուժան Լուկաշենկոյին հայտնել էր, որ ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ կներկայացվեն որոշման ստույգ ծրագրեր: Մասնավորապես, խոսքը գնում է կազմակերպության կանոնադրության փոփոխման մասին: