Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, ներկա է գտնվել Համահայկական բանկի բացման արարողությանը, ծանոթացել բանկի աշխատանքային պայմաններին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Համահայկական բանկի խորհրդի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը բանկի բացման կապակցությամբ իր խոսքում նշել է, որ  Համահայկական բանկը զարգացման բանկ է եւ հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Այն նպատակ ունի միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ զարգացմանն ուղղորդված այլ մասնավոր աղբյուրներից հավաքագրել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ` Հայաստանում գրանցված եւ գործող մրցունակ արտադրական ձեռնարկություններին երկարաժամկետ զարգացման ֆինանսավորում ապահովելու համար: Համահայկական բանկն այդպիսով կնպաստի Հայաստանում հավելյալ տնտեսական աճին եւ կխթանի ապրանքների եւ ծառայությունների արտահանումը:

Նշվել է, որ Համահայկական բանկը չի մրցակցելու առեւտրային բանկերի հետ, քանի որ չի ընդունելու ավանդներ կամ չի տրամադրելու առեւտրային վարկեր:  Համահայկական բանկն իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առեւտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատեւ ֆինանսական ռեսուրսներ, իսկ առեւտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի եւ առեւտրային ֆինանսավորման կողմը: Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգվելու է ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: