«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության բանակցությունները հիանալի վիճակում են եւ վերջին ժամանակներս ընթանում են ի օգուտ Հայաստանի. դրա մասին վկայում են վերջին հանդիպումները։ Նման համոզմունք նա հայտնեց սեպտեմբերի 7-ին տողի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հազիվ այնպիսի վիճակի ենք հասել, որ ասում ենք մեր խոսքը. Ղարաբաղն արդեն ինքնորոշված է։ Որպեսզի այդ խոսքը հիմնավոր լինի, օդի մեջ չմնա, հարկավոր է եւ բանակը կարգի բերել եւ հասարակությունը կարգի բերել։ Բոլորը պետք է հասկանան, որ Ղարաբաղի ինքնորոշմանը ոչ ոք չի կարող վնասել։ Ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք մնացածը կարգի բերել։ Իսկ առանց բանակի ոչ Ղարաբաղ կա, ոչ Հայաստան»,- նկատեց Եղիազարյանը՝ հավելելով, որ ինքը չի ասում, թե ղարաբաղյան գործընթացն ավարտել ենք, «բայց արդեն քայլ դեպի մեր ուզածը կամաց-կամաց անում ենք»։ «Միայն այն, որ մարդիկ գիտակցում են Ղարաբաղի ինքնորոշումը՝ որպես գոյություն ունեցող փաստ, արդեն կարեւոր քայլ է»,- ասաց նա։

Հրամանատարը նաեւ համոզմունք հայտնեց, որ թեպետ մենք «մեր հաղթանակը չկարողացանք այնպես պահել, որ հաղթական ավարտի հասցնեն», Հայաստանը Ղարաբաղի հողերը չի հանձնելոու։ «Այն ժամանակ էլ շատերն ասում էին, որ ադրբեջանցիները թվային առավելություն ունեն, որ Ադրբեջանն ուժեղ է, բայց ինչ կատարվեց արդյունքում, բոլորս գիտենք։ Այդպես է նաեւ այժմ. եթե հողերը հանձնելու հարց առաջանա, շատ ընդդիմացողներ կլինեն։ Նման բան ուղղակի չի լինի։ Մեր ներուժը դեռ կենդանի է, այն երբեք չի մեռնի, ես խոսում եմ հայրենասերների ներուժի մասին։ Այո, այսօր նրանք բաժանված են, բայց երբ պահը գա, նրանք արագ կմիավորվեն»,- ասաց Եղիազարյանը։

Ամփոփելով՝ Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ հայկական բանակը եղել է եւ կմնա ադրբեջանականից ավելի մարտունակ։ «Ադրբեջանը միշտ թվային առավելություն է ունեցել, բայց մեկ հայը կարող է ուժերով չափվել 3-4 ադրբեջանցու հետ եւ հաղթել, որովհետեւ հայ տղամարդն իր բնույթով զինվոր է։ Մենք չենք մոռացել՝ ինչպես պայքարել»,- ամփոփեց նա։