Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է Համաշխարհային մրցունակության 2011-12 թ.թ. զեկույցը, որում Հայաստանը 142 երկրների մեջ զբաղեցնում է 92-րդ տեղը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 7-ին լրագրողներին տեղեկացրեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Նշենք, որ նախորդ տարվա զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 98-րդ տեղը:
Զեկույցում Հայաստանի վերաբերյալ ցուցանիշները հաշվարկվել են հիմնականում 2010 թ. վիճակագրական տվյալների ու 2011 թ. ապրիլ-մայիս ամիսներին գործարարների շրջանում կատարված հարցումների հիման վրա: Հայաստանում հարցման են ենթարկվել 80-100 գործարարներ:
Համաշխարհային մրցունակության ցուցիչը, ինչպես նախորդ տարիներին, գլխավորում է Շվեյցարիան: Առաջին հնգյակում են նաեւ Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան ու ԱՄՆ-ը: Ադրբեջանը 55-րդ տեղում է, Ռուսաստանը` 66-րդ, Վրաստանը` 88-րդ:
Զեկույցում Հայաստանի հիմնական առավելություններն են մալարիայի բացակայությունը եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ցածր տարածվածությունը, աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու ընթացակարգը, բջջային կապի զարգացվածությունը, մաքսադրույքների չափը եւ այլն:
Հիմնական թերություններն են մրցակցային թույլ դաշտը, մաքսային գործընթացների բեռը, բուհ-արդյունաբերություն համագործակցությունը, դպրոցների որակը, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը եւ այլն:




























