Հայաստանում հարցման ենթարկված գործարարները հիմնականում բացասաբար են գնահատել Հայաստանի մրցակցության ոլորտը, եւ որեւէ դրական փոփոխություն չեն նկատում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» վերլուծական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը: Արդյունքում` Հայաստանը շարունակում է Համաշխարհաին մրցունակության զեկույցում գտնվել ստորին հորիզոնականներում: Այսպես` 142 երկրների շարքում «տեղական մրցակցության ուժգնություն» հայտանիշով Հայաստանը զբաղեցնում է 139-րդ տեղը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ` 138-րդն ենք, շուկայում գերիշխող  խմբերի առկայությամբ` 133-րդը:

Հատկանշական է, որ Հայաստանը 2011 թ. ապրիլից էական փոփոխությունների է ենթարկել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը: Ընդլայնվել են հակամենաշնորհային մարմնի լիազորությունները, խստացվել են գերիշխող դիրքի չարաշահման մասով պատիժները: Սակայն հարցման ենթարկված գործարարները (հարցումն իրականացվել է ապրիլ-մայիսին) որեւէ դրական փոփոխություն չեն նշել: Հնարավոր է` դա պայմանավորված է նաեւ նրանով, որ օրենքը նոր է ուժի մեջ մտել: