«Եվրոպական հեռարձակողների միությունը» ներկայումս փորձում է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթին հայակական կողմի մասնակցության երաշխիքներ ստանալ Ադրբեջանից։ Այս մասին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությանյանը։
«Մենք արդեն հայտնել ենք «Եվրոպական հեռարձակողների միությանը», որ մեզ պետք չեն ադրբեջանական կիսաերաշխիքները, մեզ պետք են հենց այդ կառուցի երաշխիքները»,- ասաց նա։
Հարությունյանը հիշեցրեց, որ 2010 թվականին, երբ Բաքվում անցկացվում էր «Եվրոպական հեռարձակողների միության» գագաթաժողովը, եւ որին պետք է մասնակցեր նաեւ հայկական պատվիրակությունը, Մոսկվայի օդանավակայանում՝ օդանավի մուտքի մոտ նրանց էր մոտեցել Ադրբեջանի ներկայացուցիչը, վերցրել քարտերը, որոնք վկայում էին, որ հայաստանցիներն անցել են բոլոր անհրաժեշտ ստուգումները, եւ պատռել դրանք։ Երբ Հայաստանի ներկայացուցիչները փորձել էին երկու օրվա ընթացքում Մոսկվա-Բաքու տոմսեր գնել, նրանց ասել էին, որ տոմսեր չկան։
«Եթե այն ժամանակ խոսքը երկու հոգու մասին էր, ապա «Եվրատեսիլ» մրցույթին կարող է մասնակցել պատվիրակության 30-40 անդամ։ Մինչեւ«Եվրոպական հեռարձակողների միության» գագաթաժողովը, որը Ժնեւում պետք է տեղի ունենա դեկտեմբերին, մեզ պետք է երաշխիքներ տրամադրվեն»,- նկատեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ մրցույթին Հայաստանի մասնակցության մյուս մանրամասները կհաղորդվեն տարվա վերջին։
Հարությունյանը նաեւ հայտնեց, որ Բաքվում մրցույթն անցկացնելու հետ կապված խնդիրներ կան, եւ որ «Եվրոպական հեռարձակողների միությունն» ու «Եվրատեսիլ» կազմակերպությունը հայտարարություն են տարածել։ «Այս կապակցությամբ քննարկվում է մրցույթն այլ երկրում անցկացնելու տարբերակը, եթե պաշտոնական Բաքուն չկարողանա անցկացնել այն»,- նշեց Հարությունյանը։



























