Եգիպտական դատարանը վերսկսել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատական գործընթացը։ Դատարանի շենքը հսկում են իրավապահները, որպեսզի նախկին նախագահի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումներ կրկին թույլ չտան, հայտնում է Voice of America-ն:

Մուբարաքին Կահիրեի դատարանի դահլիճ հասցրել են պատգարակով։

Սեպտեմբերի 5-ին Կահիրեում որպես փետրվարյան դեպքերի վկա հարցաքննվել էր ոստիկանության հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Հուսեյն Մուսան։ Նա հայտնել է, որ Եգիպտոսում փետրվարին կայացած զանգվածային ցույցերը ցրելու ժամանակ ոստիկանությունը զենք կիրառել է ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով եւ մարտական փամփուշտներ օգտագործելու հրաման չի ստացել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մուբարաքի գործով վերջին լսումները դադարեցվել էին:

Նախկին նախագահի պաշտպանի եւ հանրության շահերը ներկայացնող փաստաբանի միջեւ սկսված ծեծն ընդհատել էր դատական գործընթացը։

Դատական նիստի ընթացքում փողոցում բախվել էին Մուբարաքի հակառակորդներն ու ոստիկանները։ Որոշ տվյալներով, բախման արդյունքում տուժել էր 25 մարդ։

Հիշեցնենք, որ մեղադրյալի աթոռին են նաեւ Մուբարաքի որդիները՝ Գամալն ու Ալաան, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադիլը եւ ոստիկանության 6 բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Մուբարաքը մեղադրվում է ցուցարարների սպանություններին  մասնակից լինելու, ինչպես նաեւ կոռուպցիայի մեջ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան մահապատիժ է սպառնում։