Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր` սեպտեմբերի 7-ին, դատարանում սկսել է ցուցմունքներ տալ «գազի գործով»: Նա որպես բողոքի արտահայտություն, ցուցմունքները տվել է ոչ թե կանգնած, այլ` նստած: Դատավորը պահանջել է, որ Տիմոշենկոն կանգնի, ինչպես պահանջում է օրենսդրությունը, սակայն նա նստած է մնացել, հավելելով, որ իրավունք ունի բողոքի ցանկացած ձեւ կիրառել:
«Ես ցանկանում եմ ցուցմունք տալ… Ես ցանկանում եմ ամբողջովին ներկայացնել իմ մոտեցումները, թե ինչ է տեղի ունենում դատական գործընթացում եւ ինչ է տեղի ունեցել 2009 թվականին»,- ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Յուլիա Տիմոշենկոյի բլոկի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Տիմոշենկոն վստահ է, որ ստորագրված խարկովյան համաձայնագրերը, որով երկարաձգվում է Ղրիմում ռուսական Սեւծովյան նավատորմի տեղակայման ժամկետը` գազի գնի նվազման փոխարեն, ապացույց են, որ այդ գործողություններում հանցակազմ չկա:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է 2009-ին Ռուսաստանի հետ գազային համաձայնագրեր կնքելիս պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նա անազատության մեջ է գտնվում օգոստոսի 5-ին:




























