Բելառուսական արտադրողները հետաքրքրություն են ցուցաբերել Երեւանի քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերի հանդեպ, հատկանշելով ավտոբուսների ձեռքբերմանն ուղղված գործընթացը: Այսօր` սեպտեմբերի 7-ին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով Երեւանում տրանսպորտային բարեփոխումներին ուղղված քայլերը, քաղաքապետը նշել է, որ առաջիկայում կկիրարկվի նոր երթուղային ցանց եւ հասարակական տրանսպորտում առաջնահերթությունը տրվելու է մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներին: Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը բանակցում է տարբեր արտադրողների հետ եւ այս ուղղությամբ ներկայացվող առաջարկությունները կարող են հետաքրքիր ու շահավետ լինել նաեւ բելառուսական ընկերությունների համար:  

Արդեն հոկտեմբերին Երեւան կներկրվեն չինական արտադրության ավելի քան 60 ավտոբուսներ, սակայն, ինչպես նշել է քաղաքապետը, մայրաքաղաքում մեծ տեղատարողության ավտոբուսների պահանջարկ դեռ կա:

Ստեփան Սուխորենկոն իր հերթին նշել է, որ փոխադարձ հետաքրքրությունն ու փոխշահավետ առաջարկները կօգնեն գտնել գործակցային տարբերակներ եւ այդ նպատակով առաջիկայում բելառուսական պատվիրակությունը կայցելի Երեւան: