Նովոռոսիյսկում ձերբակալել են վարձու մարդասպանին, ով չի կարողացել իրականացնել հանցագործության պատվերը։ Ռուսաստանի քննչական կոմիտեի Կրասնոդարի մարզի քննչական վարչությունից հայտնել են, որ սեպտեմբերի 5-ին Նովոռոսիյսկի իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել 47-ամյա Արմեն Վանենցյանի վրա կատարված հարձակման մասին։ Նրան փորձել է գնդակահարել Հայաստանի 38-ամյա քաղաքացին։
Նույն օրն իսկ Նովոռոսիյսկ քաղաքի քննչական բաժանմունքը հանցագործության հանցանշաններով օտարերկրյա քաղաքացու դեմ հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով, հաղորդում է nnvrsk.ru կայքը։
Նախաքննության տեղեկություններով, Արմեն Վանենցյանը զբոսնելիս է եղել ծովափին, ընդ որում նա ձեռնափայտով էր տեղաշարժվում, քանզի ավելի վաղ կատարված հարձակման հետեւանքով վնասվածքներ էր ստացել։ Չարագործը կրակել է իր զոհի գլխին, սակայն չի սպանել նրան (նա այժմ գտնվում է հիվանդանոցում, բժիշկները դրական են գնահատում նրա վիճակը)։ Հանցագործը փորձել է փախչել, բայց ենթարկվել է ավտովթարի եւ ընկել մոտոցիկլետի տակ։ Նրան բռնել են։ Հանցագործի ինքնությունը պարզված է։




























