Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, պատգամավոր, Էրդողանի երկար տարիների կուսակից ընկերներից Մեհմեդ Մեթիները ներողություն է խնդրել՝ Էրդողանին քննադատելու համար։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մեթիները նշել է, թե ինքը փոշմանել է նման խոսքերի համար եւ ներողություն է խնդրում Էրդողանից։ «Կա մի շրջան, որ ամեն մեկն էլ «ջահելություն» է անում։ Դա էլ իմ սխալն էր», -ասել է թուրք պատգամավորը։
Նշենք, որ նախորդ շաբաթ YouTube-ում հայտնվել էր մի ձայնագրություն, որտեղ Մեթիները՝ պնդելով, թե Թայիփ Էրդողանն իր վաղեմի բարեկամն է, եւ բոլորից առաջ եւ բոլորից ավելի մոտիկից է ճանաչում նրան, շեշտում է, որ ինքն այն կարծիքին չէ, թե Էրդողանի հետ հնարավոր կլինի ժողովրդավարական Թուրքիա կառուցել։
«Գիտեմ, որ քրդական հարցում Էրդողանը շատ հետադիմական եւ հակաժողովրդավարական դիրքորոշման մեջ է, սակայն պրագմատիկ մոտեցման դեպքում կարող է քրդական հարցում քայլեր անել։ Սակայն չգիտեմ, թե նա ինչքան խիզախություն կունենա դրա համար»,-ասում է Մեթիները՝ պնդելով, թե Աբդուլլահ Գյուլի եւ նրա շրջապատի մոտեցումները համընկնում են թուրքական ազգայնականության քաղաքական մոտեցումներին։




























