Հայաստանի վարչապետ, ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, ներկա է եղել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպվող ֆուտբոլի մրցաշարի մարզային փուլի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ֆուտբոլային առաջնությունն անցկացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կազմակերպությունների միջեւ՝ նվիրված Անդրանիկ Մարգարյանի 60-ամյակին:

Մրցաշարի մարզային փուլի առաջին տեղի համար պայքարում էին Կոտայքի մարզի «Հրազդան» եւ Արմավիրի մարզի «Մեծամոր» թիմերը, որոնց մրցապայքարում 2:1 հաշվով առավելության են հասել արմավիրցիները: Հաղթանակ տարած թիմի ֆուտբոլիստներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ֆուտբոլիստներին եւ մաղթել նորանոր հաղթանակներ:   

Մարզային փուլում առաջին տեղը զբաղեցրած թիմը մրցաշարի եզրափակիչում կմրցի «Երեւանի գավաթ» մրցաշարում հաղթանակ տարած «Մալաթիա-Սեբաստիա» թիմի հետ։

Առաջնության անցկացման նպատակը երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է, ինչպես նաեւ ֆուտբոլի մասսայականացումն ու զարգացումը: