Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր` սեպտեմբերի 7-ին, Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Քաղաքացիական ծառայության բարեփոխումները. նպատակներ եւ արդյունքներ» խորագրով «Մասնագիտությունը հեռանկարում» ամենամյա միջազգային 5-րդ երկօրյա համաժողովը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք անցել ենք այդ կառույցի կայացման բարդ եւ կարեւոր փուլը, եւ մեր խնդիրն է` արդիականացնել կառույցը` հաշվի առնելով միջազգային փորձը եւ ժամանակակից մեթոդները: Կառույցի կայացման առաջին փուլում մենք նպատակ ունեինք պաշտպանել քաղաքացիական ծառայողին, նրա համար ապահովել երաշխիքներ եւ զերծ պահել վերջինիս քաղաքական ազդեցությունից: Մասնագիտական կարողությունների զարգացման տեսանկյունից այսօր մեզ համար շատ ավելի կարեւոր խնդիր է քաղաքացիական ծառայողի համար շարժառիթների ապահովումը: Այդ առումով մեր խնդիրն է նաեւ հստակեցնել քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեր պահանջները եւ վերջինիս համար մրցունակ աշխատավարձ ապահովելը»:
Համաժողովը կազմակերպել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը` ԵԱՀԿ-ի, Եվրամիության «Սիգմա» ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական ու փորձագիտական աջակցությամբ: Համաժողովին մասնակցում են 14 երկրների` Ավստրիայի, Բելգիայի, Կանադայի, Էստոնիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ղեկավարման եւ կազմակերպման մարմինների ղեկավարները:
Համաժողովի նպատակն է` քննարկել մասնակից երկրներում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները, համադրել արդեն կայացած եւ այդ ճանապարհին գտնվող համակարգ ունեցող երկրների փորձը:



























