Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Աբդուլլահ Գյուլը կհանդիպեն այսօր` սեպտեմբերի 8-ին, Յարոսլավլում` Համաշխարհային քաղաքական ֆորումի շրջանակներում:

Կողմերը կքննարկեն առեւտրա-տնտեսական հարցեր, որոնք ավանդաբար ռուս-թուրքական համագործակցության բաղկացուցիչ մասն են, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Սա Թուրքիայի ներկա նախագահի երկրորդ այցելությունն է Ռուսաստան. 2009-ի փետրվարի 12-15-ին Գյուլը պետական այցով ժամանել էր Ռուսաստան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Համագործակցության համար հուսալի հիմք է կառուցողական եւ վստահելի քաղաքական երկխոսությունը: Դրա համար սկզբունքորեն նոր մեխանիզմ է դարձել 2010-ին ստեղծված Բարձր մակարդակի համագործակցության խորհուրդը` ՌԴ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի համանախագահությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հարդիպման ժամանակ կքննարկվի միջազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ, այդ թվում լիբիական ճգնաժամը, Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, եվրատլանտյան անվտանգությունը, մերձավորարեւելյան խնդրի կարգավորման հեռանկարները, Իրանի միջուկային ծրագիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Cihan-ի փոխանցմամբ, ֆորումի շրջանակներում Գյուլը կհանդիպի նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ում հետ կքննարկի Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակն Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում Եգիպտոսում եւ Սիրիայում: