Թերթը գրում է, որ երեկ ՀՀ դատական պատմության մեջ աննախադեպ որոշում է կայացվել. դատարանը ոչ միայն կալանք է դրել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, այլև որոշմամբ թերթին արգելել է տվյալ դատական գործի վերաբերյալ հրապարակումներով հանդես գալ։ «Որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, և որ ամենահետաքրքիրն է՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի հիման վրա։
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ մի աշխատակից երեկ ներկայացել է «Հրապարակի» խմբագրություն եւ տեղեկացրել, որ դատարանը արգելանք է դրել օրաթերթի գույքի եւ խոսքի ազատության վրա։ Իսկ թե կոնկրետ ինչ հայցի հիման վրա, ինչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, հայտնի չէ։ Օրաթերթը ոչ հայցադիմումն է ստացել, եւ ոչ էլ դատավորի որոշումը, այլ միայն ԴԱՀԿ աշխատակիցը վարույթի կատարողական թերթիկ է ներկայացրել խմբագրություն։ Փաստորեն, այսպիսով, Հայաստանում պաշտոնապես սկսել է կիրառվել գրաքննություն, եւ դատարանը կարող է արգելել որեւէ թեմայի լուսաբանում։ Որոշման չկատարումը հանգեցնում է քրեական պատասխանատվության»։




























