Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում առաջընթացը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա: Այսպիսին է Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, որի մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` «Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում:

«Ինչպես գիտեք ԼՂ խնդիրը ներկայումս գլխավոր խոչընդոտն է Հարավային Կովկասում բարենպաստ մթնոլորտի հասնելու գործում: Ես կարծում եմ, որ Թուրքիայի կարծիքն այս հարցում համընկնում է Ռուսաստանի կարծիքի հետ: Առաջընթացը, որին հնարավոր է հասնել ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին, որոշիչ նշանակություն կունենա»,- հայտարարել է Գյուլը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է «բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ԼՂ խնդրի լուծման ուղիների որոնման գործում, որին անմիջական մասնակցություն ունի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ինչպես նաեւ անել հնարավորը` հակամարտության հետագա լուծման համար»:

«Մենք անկեղծորեն ցանկանում ենք հաջողությամբ ավարտել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը: Հարավային Կովկասում կայուն խաղաղության կայացման եւ տարածաշրջանի երկրներում համագործակցության մթնոլորտ ձեւավորելու գործընթացում Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացումը չպետք է դիտարկվեն որպես առանձին գործընթաց, այն պետք է քննարկել ընդհանուր տարածաշրջանային հիմքի վրա»,- ամփոփել է Գյուլը:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը: