Միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին։ Այս մասին Երեւանում ընթացող ցեղասպանության հանցագործության դեմ չորրորդ գլոբալ համաժողովին հայտարարեց Պաշտպանության համաշխարհային պատասխանատվության կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Պաունդայը։
Նրա խոսքով՝ նման համաժողովներն իսկապես կարեւոր նշանակություն ունեն։ «Այսպիսի համաժողովները, ինչպես նաեւ փորձագետները, որոնք հավաքվում են մեկ տեղում, թույլ են տալիս մտածել ստեղծագործական ուղիների մասին, որոնցով մենք կարող ենք կանխել ցեղասպանությունը», - ասաց Պաունդայը:
Սավիտա Պաունդայը հավելեց, որ հատկանշական է այս համաժողովն անցկացնել Հայաստանում՝ մի երկրում, որի ժողովուրդը վերապրել է ցեղասպանությունը։
«Հայ ժողովուրդը գործ ունի անցյալի հետ, որը կապված է սերունդների տրավմայի հետ։ Կարելի է շատ բան սովորել հայ ժողովրդից եւ նրա փորձից։ Համախմբելով մարդկանց ամբողջ աշխարհից, ովքեր տարբեր փորձառություններ ունեն, մենք կարող ենք նստել եւ հասկանալ, թե ինչպես օգտագործել ավելի ստեղծագործական ուղիները, որպեսզի ապագա սերունդը չապրի նույն հանցագործությունները, որոնք ապրում են Հայաստանում կամ Ռուանդայում եւ այլ տեղերում»,-հավելեց նա։
Պատասխանելով հարցին՝ պետք է արդյոք Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը, Փաունդայը դրական պատասխանեց․
«Առանց անցյալի հանցագործությունները ճանաչելու անհնար է լինելու պայքարել ապագայի հանցագործությունների դեմ։ Ուստի ես հուսով եմ, որ Թուրքիան, իսկ այնուհետ ողջ Եվրոպան եւ մնացած աշխարհը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա։
Պաունդայը նաեւ հավելեց, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։
Նշենք, որ մինչ մասնակիցները ելույթ էին ունենում, Ադրբեջանը փակել էր Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհը։ Տիկին Պաունդայը եւ համաժողովի մյուս հյուրերը հնարավորություն ունեն հենց հիմա ճանապարհ ընկնելու եւ սեփական աչքերով տեսնելու Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսեւորումները։





























