Դաշնակցական պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ցավում է, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանում ներկայացված չէ: Սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը դաշնակցական պատգամավորը հայտարարեց. «Մենք ի տարբերություն ՀԱԿ-ի ունենք խորհրդարանական ամբիոն: Ես ցավում եմ, որ ՀԱԿ-ը չունի ամբիոն: Կարծում եմ, երկխոսությունը կնպաստի, որ ունենա: Եթե մասնակցեր անցած խորհրդարանական ընտրություններին, մարտի 1 չէր լինի»: Ըստ Կարապետյանի, միշտ էլ աշնանը թեժանում է քաղաքական կյանքը եւ դա բնական է:

«Բնական է նաեւ դա կապել նախընտրական շրջանի հետ: Եւ մինչեւ նախընտրական շրջանը չավարտվի, այս թեժ շրջանն ավելի է թեժանալու, սա վերաբերում է անխտիր բոլոր քաղաքական ուժերին»,- նշեց Կարապետյանը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրում է իր մարտավարությունը: Մեկը ընտրում է երկխոսության ճանապարհը, մեկը ընտրում է խնդիրներ բարձրացնելու ճանապարհը, մեկը ընտրում է քաղաքական հրաժարականներ պահանջելու ճանապարհը»,- նկատեց պատգամավորը եւ հավելեց. «Մենք նախաձեռնել ենք շարժում, դրան միացել են բազմաթիվ կազմակերպություններ, սակայն դրան չեն արձագանքել ո’չ իշխանությունները, ո’չ ՀԱԿ-ը: Դրա նպատակն է, որ ընտրություններն արդար անցնեն: Մենք շարունակելու ենք հանդիպումները եւ հասնելու ենք, որ հասարակական վերահսկողություն լինի, որ խախտումներ չլինեն»: