Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտարարել է, որ Կլինցի քաղաքը հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ «ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում հրթիռը ոչնչացվել է, որոշ մասեր հայտնվել են արդյունաբերական գոտու տարածքում։ Տուժածներ եւ ավերածություններ չկան»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Դեկտեմբերի 13-ի գիշերը պայթյուններ են որոտացել Ուկրաինայի սահմանակից Բրյանսկի շրջանի երկու վայրերում՝ Կլինցի քաղաքում եւ Կլիմովո գյուղում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով տեղաբնակներին։
Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չկա:
Կլինցի բնակիչները պատմել են, որ պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ արթնացրել են ամբողջ քաղաքը։ Նշվում է, որ պատճառը Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունն է եղել, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Կլինցի քաղաքը գտնվում է Ուկրաինայի Չեռնիգովի շրջանի հետ սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Բաց աղբյուրներից ստացված տվյալների համաձայն՝ քաղաքում տեղակայված է մոտոհրաձգային գունդը։
Միաժամանակ հաղորդվում է պայթյունների եւ բռնկված հրդեհի մասին Կլիմովո գյուղում, ենթադրաբար՝ զորամասում։ Կլիմովոն գտնվում է ուկրաինական սահմանից մոտ 30 կմ հեռավորության վրա, այնտեղ ռազմական օդանավակայան է տեղակայված։





























