Երեւանի Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջաններում անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ երեխաները խաղում են խաղալիքներով, որոնք մազ են թողնում եւ հնարավոր է` ժամկետանց են: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա հայտարարեց նաեւ, որ լիարժեք վստահ չէ, թե խանութներում վաճառվող խաղալիքները, որոնք մեծամասամբ ներկրվում են Չինաստանից, նույնպես անվտանգ են երեխաների համար: Սակայն Ա. Պողոսյանը նշեց, որ առայժմ որեւէ բողոք խաղալիքների վտանգավորության վերաբերյալ չի ստացել, հայտնի չէ նաեւ դեպք, որ երեխան հիվանդանոցում հայտնվի խաղալիքի պատճառով:
Թեեւ Սպառողների ասոցիացիայի նախագահը չհերքեց, որ խանութներում վաճառվող խաղալիքների մի մասը մազ է թողնում, գունաթափվում է, ու ընդհանրապես` որակի հետ կապված լուրջ խնդիրեր կան:ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի եւ սպառողների իրավունքների պաշտպանության պետական տեսչության Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ ստուգումները խաղալիքների վտանգավորության փաստ չեն արձանագրել: Սակայն 4 ներկրողներ (այդ թվում` «Մանկան» եւ «Տունտունիկ» ընկերությունները) տուգանվել են սերտիֆիկատներ չունենալու եւ հայերեն մակնշում չկատարելու համար:




























