Կոսովոն ԵՄ-ին անդամակցելու հայտ կներկայացնի այս շաբաթ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ալբին Կուրտին, փոխանցում է Reuters-ը։

Ակնկալվում է, որ այս գործընթացը կտեւի տարիներ, եթե ոչ տասնամյակներ, եւ կախված է Սերբիայի հետ հարաբերությունների կարգավորումից։ Կոսովոն ՄԱԿ-ի անդամ չէ, եւ ԵՄ հինգ երկրներ հրաժարվում են ճանաչել նրա պետականությունը։

«Եվրամիությունը խաղաղության, անվտանգության, հավասարության եւ բարգավաճման վայր է, եւ, հետեւաբար, Կոսովոյի Հանրապետության տեղը այս համատեղ տանն է՝ որպես մի երկիր, որը խաղաղություն է սիրում»,- ասել է Կուրտին Պրիշտինայում կառավարության նիստում։

Մինչ Կոսովոյի հնարավոր անդամակցությունը Սերբիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորելու համաձայնություն ձեռք բերվի։ ԵՄ-ն արդեն աշխատում է գործարքի վրա, որին, ինչպես նա հուսով է, երկու կողմերը կհամաձայնեն մեկ տարվա ընթացքում:

Սերբ ցուցարարները Կոսովոյի հյուսիսային մասում վերջին օրերին փակել են հիմնական ճանապարհները՝ սերբ նախկին ոստիկանի ձերբակալությունից հետո իշխանությունների եւ Կոսովոյի սերբ փոքրամասնության միջեւ լարվածության աճի ֆոնին: