Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի քարտեզների զգալի մասը ճիշտ չէ: Նման կտրուկ պնդմամբ է հանդես եկել քարտեզագետ Գրիգոր Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին կայացած ասուլիսում:
Բեգլարյանի խոսքով, քարտեզների անճշտությունը կայանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքների պատկերման մեջ («անվտանգության գոտու» տարածքն ընդգրկված չէ ԼՂՀ քարտեզներում-խմբ.): Այսինքն, Հայաստանի քարտեզի հետ ամեն ինչ կարգին է, բայց Լեռնային Ղարաբաղի քարտեզում բազում խնդիրներ են առկա: Բեգլարյանը նշել է, որ «ազատագրված» տարածքներ չկան: Դրանք հայկական տարածքներ են, եւ եթե օգտագործում են «ազատագրված» կամ «ոչ ազատագրված» անվանումերը, ապա դա տեղին կլինի կիրառել հայկական ոչ ազատագրված հողերի կապակցությամբ: Դրանց շարքում նա նշել է Արեւելյան Հայաստանի այն շրջանները, որոնք չեն ընդգրկված ՀՀ տարածքում, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանը եւ Նախիջեւանը:
Բեգլարյանի պնդմամբ, դեռ չճշտված տեղեկություններով, Հայաստանի 20-ամյակի կապակցությամբ դպրոցականների բաժանված օրագրերում եւս սխալ քարտեզ է պատկերված: «Այդ մասին ինձ հայտնել է ընկերս ասուլիսի կես ժամ առաջ, ուստի ես չեմ հասցրել դա ստուգել»,-հայտարարել է Բեգլարյանը:
Կարեւոր է նաեւ տեղանունների հարցը: Բեգլարյանը արդարացիորեն նշել է, որ տեղանունները շատ կարեւոր են պատմական տեսանկյունից, հատկապես ժողովրդի` տվյալ տարածաշրջանում հայտնվելու առումով:



























