Եվրոպական հանձնաժողովը փորձում է հասկանալ, թե արդյոք ԵՄ-ն պետք է թուլացնի պետական օգնության կանոնները, որպեսզի թույլ տա կառավարություններին աջակցել այն ընկերություններին, որոնց առնչվելու է ԱՄՆ Գնաճի իջեցման մասին օրենքը, տեղեկացրել է Reuters-ը։
430 մլրդ դոլար արժողությամբ օրենքը, որը սպառողներին հարկային արտոնություններ է տրամադրում ԱՄՆ-ում արտադրված էլեկտրամեքենաների (EV) եւ էկոլոգիապես մաքուր այլ ապրանքների համար, մտավախություններ է առաջացրել, թե ԱՄՆ-ը կարող է անհարմար վիճակի մեջ դնել Եվրամիության ընկերություններին եւ ձեռնարկությունների մղել անցնել Միացյալ Նահանգներ։
Մինչ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ այլ երկրներ կոչ են անում ավելացնել սուբսիդիաները կամ ընդունել ԵՄ համանման օրենք, մյուսները մատնանշում են այն միլիարդավոր եվրոները, որոնք արդեն ներդրվել են ընկերություններում վերջին տարիներին՝ COVID-19-ի դեմ պայքարի եւ Ուկրաինայում պատերազմի հետեւանքները հաղթահարելու նպատակով։
ԵՄ գործադիր մարմինը հարցում կկատարի երկրներում, թե արժե արդյոք պետական օգնության ավելի մեղմ կանոնները, որոնք հայտնի են որպես ճգնաժամային շրջանակներ եւ ընդունվել են մարտին՝ այն ձեռնարկությունների համար, որոնք տուժել են Ուկրաինայում պատերազմից, տարածել այն ընկերությունների վրա, որոնց առնչվել է ԱՄՆ սուբսիդիաների մասին օրենքը։
Հանձնաժողովը հաստատել է, որ խորհրդակցություններ է սկսել, որպեսզի պետական օգնության իր ժամանակավոր կանոնները դարձնի ավելի պարզ եւ կանխատեսելի՝ կանաչ սեկտորում պետական ներդրումներն արագացնելու նպատակով։
«Գործադիր փոխնախագահ (Մարգարեթ) Վեստագերի խոսքով՝ այս համատեքստը պահանջում է չափանիշների հետագա պարզեցում ներդրումների եւ գոյություն ունեցող խնդիրները վերացնելու համար՝ ռազմավարական կանաչ սեկտորների, ներառյալ հումքը, արժեքի ստեղծման ամբողջ շղթան ընդգրկելու նպատակով»,- ասել է հանձնաժողովի նախագահը։ «Միեւնույն ժամանակ, միասնական շուկայում մեր հավասար պայմանները պաշտպանելու համար միջնաժամկետ հեռանկարում մենք աշխատելու ենք եվրոպական ֆոնդի ստեղծման ուղղությամբ՝ աջակցելու համար այդ ռազմավարական ներդրումներին»։





























