Երկու տղամարդկանց միջեւ վեճը ողբերգական ավարտ է ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, գանգուղեղի վնասվածքով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա Հակոբ  Գրիգորյանը:

Նրա հարազատները ոստիկաններին հայտնել են, որ Ակնալիճ գյուղի մոտ Հ. Գրիգորյանը գյուղմթերք վաճառելու ժամանակ իր  ավտոմեքենայի թափքից բանջարեղենի արկղն իջեցնելիս անզգուշաբար վայր է ընկել եւ գլխով հարվածելով գետնին` կորցրել գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Հ. Գրիգորյանը վիրահատությունից հետո գիտակցության չգալով` հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված վայրում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Հ. Գրիգորյանին հարվածել է նախկինում դատապարտված, 21-ամյա մի երիտասարդ, ինչի հետեւանքով Հ. Գրիգորյանը վայր է ընկել եւ ստացել վնասվածքները:

Բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է բաժին:

Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: