Կառավարության բոլոր անդամները պետք է պատասխանատու լինեն հարկերի հավաքման համար, այսօր` սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: նրա խոսքով` 2012 թ. պետք է էապես բարելավել հարկերի հավաքագրումները, ինչը միայն պետեկամուտների կոմիտեի գործառույթը չէ: Նախարարներին հանձնարարական տրվեց մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարին հստակ տեղեկություն ներկայացնել իրենց ոլորտներում հարկային բազաների վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկեն նախարարները:

«Առաջին հերթին մեզ հետաքրքրում են էներգետիկայի բնագավառի վերլուծությունները, որտեղ աճ ենք կանխատեսում։ Պետք է տեսնել, թե որքանով է ավելանալու այս ոլորտի հարկային բազան եւ էներգետիկ ոլորտի ձեռնարկությունները որքան լրացուցիչ եկամուտ են ապահովելու։ Երկրորդ ոլորտը քաղաքաշինությունն է, երրորդը՝ տրանսպորտը եւ կապը, չորրորդը՝ առողջապահությունը»,- նշեց Տ. Սարգայանը: 

Վարչապետի կարծիքով` առողջապահական հիմնարկներում ներդրվել է համաֆինանսավորում, եւ ըստ էության՝ աշխատավարձի ավելացում պետք է տեղի ունենա։ «Եթե ծառայությունների գներն այստեղ նույնպես համաֆինանսավորման ներդրումների արդյունքում ավելացել են, ապա դա նշանակում է, որ բուժհիմնարկների շահույթի մակարդակը նույնպես բարձրացել է»,- նշեց Տ. Սարգսյանը։