Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել արդարադատության ակադեմիա ստեղծելու մասին օրենքի նախագիծ: Այսօր` սեպտեմբերի 8-ին կառավարությունը հավանություն տվեց սույն նախագծին, որը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:
Սակայն կառավարությունում նախագծի հավանությանը նախորդեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի առարկությունը: Նա նախ նշեց, որ իրենք բազմաթիվ դիտողություններ ունեն փաստաթղթի նկատմամբ, որը կառավարության անդամներին չի բաժանվել: Ի դեպ` գլխավոր դատախազությունն արդեն առաջին անգամը չէ, որ արդարադատության նախարարին մեղադրում է նման կողմնակալության մեջ:
Նշենք, որ նախագծի իմաստը հետեւյալում է` Հայաստանում գործող երկու դպրոցներ` դատական եւ դատախազական, պետք է միացվեն մեկ միասնական արդարադատության ակադեմիայի մեջ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե կոնկրետ ինչ դիտողություն ունի նախագծի նկատմամբ, Ա. Թամազյանն ասաց, որ նախագծի հիմքում անգլոսաքսոնական իրավունքի համակարգն է, որտեղ դատախազական դպրոցները տրվում են արդարադատության նախարարությունների կառավարմանը: Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ իրականում հիմք են վերցրել կոնտինենտալ (եվրոպական) իրավական համակարգը, եւ նման ակադեմիաներ գործում են Արեւելյան Եվրոպայում, Գերմանիայում, Ֆրանսիայում:
Բանավեճին միջամտեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշելով, որ ՀՀ նախագահի մոտ քննարկումից հետո քաղաքական որոշում է կայացվել 2 դպրոցների միավորման մասին, եւ առաջարկվում է կոմպրոմիսային տարբերակ:



























