Վրաստանի նախագահը անհրաժեշտ չի համարում վրացական գինիների եւ հանքային ջրերի վերադարձը ռուսական շուկա: Այդ մասին Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Լեհաստան կատարած այցի ընթացքում տված ասուլիսի ժամանակ, սեպտեմբերի 9-ին հաղորդում է «Բիզնես Գրուզիան»:

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից հայտարարված էմբարգոն օգնել է Վրաստանին արտահանման դիվերսիֆիկացման մեջ. «սկզբունքը պարզ է. այն ինչ չի սպանում, մեզ դարձնում է ուժեղ»: Սահակաշվիլիի խոսքով, Վրաստանն այլեւս կախված չէ Ռուսաստանից եւ երբեք չի դառնա վրացական արտադրանքի հիմնական շուկան:

Հիշեցնենք, որ ՌԴ գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բացել իր շուկան վրացական գինիների եւ հանքային ջրերի համար, եթե այդ ապրանքները համապատասխանեն չափանիշներին: