Թեեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արեւմուտքի սիրելի գործիչներից է, սակայն Սերժ Սարգսյանի դիրքերը բավական բարենպաստ են ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Իմ գնահատմամբ, սակայն, եթե Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավորել, կշարունակենք թաղվել այս ահավոր ճահճի մեջ։ Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալով՝ ներքաղաքական իրավիճակի ռադիկալ սրում տեղի կունենա։ Այդ է պատճառը, որ մենք պետք է քաղաքական նոր սերունդ փնտրենք»,- նկատեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ թե նրանցից առաջինը, եւ թե երկրորդը կաջակցեն Սերժ Սարգսյանին, եթե տեսնեն, իրենց մրցակից հակառակորդը կարող է գալ իշխանության. «Այսինքն՝ Քոչարյանը կաջակցի Սարգսյանին՝ ընդդեմ Տեր-Պետրոսյանի եւ Տեր-Պետրոսյանը կաջակցի Սարգսյանին՝ ընդդեմ Քոչարյանի։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը բավական լավ դիրքում է»,- հիմնավորեց նախկին պաշտոնյան։