Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի նախագծերին դեմ լինելը պլանավորված մոտեցում է եւ խորքային տարիների պատմություն ունի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու են նրա նախագծերը ընդդիմության հանդիպում:
«Անձնական հաշիվների մաքրման բաղադրիչ կա այս ամենի մեջ: Ես ժամանակին առաջարկել էի Հյուսիսային պողոտան, ճարտարապետների միությունը մինչ այսօր դեմ է, առաջարկել էի ԱԺ ցանկապատը ապամոնտաժել եւ այն հանրային այգի դարձնել, Ճարտարապետների միությունը խոչընդոտեց: Ստացվում է այնպես, որ ես մի բան եմ ասում, իրենք հանդես են գալիս հակառակ կարծիքով: Հետաքրքիր կլինի լսել, թե նրանք ինչ են առաջարկում: Երբ 1998թ կամավոր դուրս եմ եկել Ճարտարապետների միության վարչության կազմից, 2007-ին` նաեւ Ճարտարապետների միության կազմից` համարելով, որ միությունը չունի սկզբունքային մոտեցում»,- բացատրեց գլխավոր ճարտարապետը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մի խումբ մտավորականներ, ճարտարապետներ Facebook սոցիալական ցանցում արտահայտում են իրենց բացասական կարծիքը` նրա անձի եւ նախագծերի շուրջ, ապա Նարեկ Սարգսյանն արձագանքեց, որ չի ուզում պատասխանել այդ հարցին: «Ես ազատ չեմ խոսելու, բայց բազմաթիվ մտավորականներ իմ ընկերներն են եւ իմ կողքին են, սկսած հանգուցյալ Աղասի Այվազյանից: Այդ ամենի մեջ կա չարություն նախանձի բաղադրիչ: Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքերով, մեծ ներդրում ունեմ Երեւան քաղաքի կառուցման մեջ, Երեւան քաղաքը վերջին 10 տարիներին դրական փոփոխությունների է ենթարկվել»,- նշեց գլխավոր ճարտարապետը: Ինչ վերաբերում է ակտիվիստներին, Նարեկ Սարգսյանի խոսքով` դա նախաձեռնում է մի երիտասարդ`Հանրային խորհրդի նախագահի փեսան, այսինքն` Սահրատ Պետրոսյանը, ով, ըստ գլխավոր ճարտարապետի, առանձին զրույցներում ասում է. «Ես սուտ եմ գրում, թող ինձ դատի տան»:
Հարցին, թե ինքը ստախոս է համարում Հանրային խորհրդի նախագահի փեսային, բայց առաջարկել է խորհրդում ներգրավե՞լ, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Ես երկար ժամանակ ճարտապետության ֆակուլտետի դեկան եմ եղել, դիմել եմ երիտասարդներից մեկին, որպեսզի ներգրավենք նաեւ երիտասարդներին՝ ավագ եւ երիտասարդ սերունդների ճեղքվածքը հաղթահարելու համար: Եկել էր նաեւ այդ տղան եւ ինքն էլ զարմացավ, որ ես իրեն ընդունեցի: Ես գիտեմ, թե նա ինչու է այդքան դեմ, բայց չեմ կարող ասել»: Դիտարկմանը, թե արդյոք Սահրատ Պետրոսյանը հավակնում է գլխավոր ճարտարապետի պաշտոնին, նա արձագանքեց. «Նա դեռ ճարտարապետությամբ չի զբաղվում, կարծեմ, նա այգու տնօրեն է»:


























