Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում բուռն քննարկումներ են ընթացել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցով: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյան«Ես ինքս մասնակցել եմ Իտալիայի Կավերտա քաղաքում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին:

Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ նամակով դիմել էին ինձ` որպես ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի անդամի եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահի, ակնկալելով աջակցություն: Ես եւս ի թիվս այլ խորհրդարանականների ելույթ ունեցա»,- նշել է Զոհրաբյանը` հավելելով, որ քննարկման ընթացքում հնչել են ծայրահեղ գնահատականներ, որ պետք է անհապաղ պահանջել, որ Տիմոշենկոն քաղաքական հալածյալ ճանաչվի:

Հայաստանի ներկայացուցչի դիրքորոշումը բավական զուսպ է եղել: «Ասացի, որ ընթանում է դատական պրոցես, եւ միակ բանը, որ կարող է անել ԵԽԽՎ-ն, հետեւել, որ դատական գործընթացը լինի բաց եւ թափանցիկ: Մենք պիտի հնարավորինս զուսպ լինենք, չշտապենք գնահատականներ եւ վերդիկտներ հրապարակել եւ պիտի դատավարությունը պահել ուշադրության կենտրոնում»,- ասել է Զոհրաբյանը:

Վերջինիս խոսքով, ուկրաինական պատվիրակության ղեկավարը բաժանել է փաստաթղթեր, որոնք մատնանշում էին, թե ինչում է մեղադրվում նախկին վարչապետը, բաժանվեցին նաեւ ընդդիմության տեսակետը ներկայացնող փաստաթղթեր եւս: Նշենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Նրան մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում: Տիմոշենկոն հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները եւ իրեն քաղբանտարկյալ է համարում: