Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել սեպտեմբերի 9-11-ը անցկացվող «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին եւ նպատակ ունի մեկ տասնյակից ավելի մասնակից այլ երկրների կողքին ներկայացնել տեղական արտադրողի ներուժն ու ՀՀ անկախության տարիների տնտեսական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում է նաեւ Արցախը՝ 20-ամյա անկախ Արցախի տնտեսական նվաճումների ցուցադրմամբ: Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ցուցանմուշներին:



























