Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացված «Armenia EXPO» ցուցահանդեսի մասնակիցները պնդում են, որ սպառողին առաջարկում են շատ ավելի որակյալ եւ էժան արտադրանք, քան հայկական տոնավաճառները նվաճած թուրքական ու չինական ապրանքներն են: NEWS.am-ի հետ զրույցում «Նարսան» ընկերության ֆինանսական տնօրեն Սերգո Հարությունյանը նշեց, որ արտադրում են մեխեր, եվրոդռներ ու պատուհաններ, տանիքների ցինկապատ թիթեղներ, որոնք եւ գնային, եւ որակական առումներով գերազանցում են ներմուծված չինական ու բթուրքական արտադրանքը:

Ըստ Ս. Հարությունյանի` ճգնաժամային «սարսափելի» վիճակից արդեն դուրս են եկել, աստիճանաբար մոտենում են նախաճգնաժամային 2008-ի մակարդակին:Նշենք, որ «Armenia EXPO» առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը բացվեց այսօր` սեպտեմբերի 9-ին: Սա արդեն 11-րդ ցուցահանդեսն է, նվիրված է անկախության 20-ամյակին, եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 11-ը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:Ցուցահանդեսին ներկայացված են եւ տեղական արտադրողներ, եւ ներկրող ընկերություններ, կան ներկայացուցիչներ Վրաստանից, Իրանից, Եվրոպայից:Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ հայտնի բրենդներ: Klingspor գերմանական ընկերությունը ցուցադրում է շինարարության մեջ լայն կիրառություն ունեցող տաշող, կտրող, հղկող գործիքներ: «Էքսպերիեր գրուփ» ընկերության (Klingspor-ի դիստրիբյուտորն է Հայաստանում) մենեջեր Սուրեն Գասպարյանը NEWS.am-ին ասաց, որ գերմանական այս բրենդը նոր է մտել հայկական շուկա, ու 1.5 տարում արդեն նշանակալի առաջխաղացում ունի: Ընկերության ներկայացրած բոլոր գործիքները ապահովագրված են հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում, ինչը նրանց հուսալիության ու անվտանգության երաշխիք է:

Առաջարկվող գները նույնպես մրցունակ են, այսպես` շինարարներին շատ հայտնի «բալգարկի քարը» առաջարկվում էր 800 դրամով, նույնքան, որքան թուրքական համանման քարերը:

Ընդհանրապես` հայկական մենեջերների տնտեսագիտական գրագիտությունը բարձրացել է: Այդ մասին են վկայում «Գրանթ Թորնթոն» խորհրդատվական ընկերության պատվերների աճը: Ընկերության մարքետինգի կապերի պատասխանատըու Իզաբելլա Խանեյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հայկական ընկերությունները սկսել են ավելի հաճախ պատվիրել խորհրդատվություն գործարար ռիսկի ոլորտում, ինչը ներառում է ներքին աուդիտը, ներքին վերահսկողությունը եւ տեղեկատվական անվտանգությունը: «Գործարարները ավելի են գիտակցում ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը»,- ասաց Ի. Խանեյանը: