Հայաստանի պետական պարտատոմսերի շուկայի վրա Fitch-ի վարկանիշի հրապարակումն ուղղակի ազդեցություն չի թողնի: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Պատճառն այն է, որ Հայաստանը չի թողարկում միջազգային շուկաներում շրջանառվող արտարժութային պարտատոմսեր, քանի որ կարողանում է միջազգային կառույցներից էժան վարկեր ստանալ: Նշենք, որ արտարժութային պարտատոմսեր թողարկում է Վրաստանը, սակայն վերջինիս «B+» վարկանիշն ավելի ցածր է, քան Հայաստանի «BB-»-ը:
Ըստ Վ. Գաբրիելյանի` Հայաստանն առայժմ ցանկություն չունի արտարժութային պարտատոմսեր թողարկելու, հետեւաբար` Fitch-ի գնահատականն անմիջական ազդեցություն Հայաստանի վրա չի ունենա: Վ. Գաբրիելյանը նշեց, որ օտարերկրյա ներդրողները սովորաբար հետաքրքրություն չեն դրսեւորում ազգային արժույթով եւ ներքին շուկայի շրջանառության համար թողարկված արժեթղթերի նկատմամբ, ինչը օրինակ տեղի է ունենում Վրաստանում եւ Ռուսաստանում:Սակայն, այնուամենայնիվ, երկրի ֆինանսական ինստիտուտների համար Fitch-ի գնահատականը կարեւոր նշանակություն ունի:
Մասնավոր սեկտորի ներկայացուցիչները նույնպես Fitch-ից վարկանիշ են ստանում, սակայն այն չի կարող երկրի սուվերեն վարկանիշից ավելի բարձր լինել (բացառությամբ նրանցից, որոնց մայր ընկերությունները գտնվում են ավելի բարձր վարկանիշ ստացած երկրում): Մասնավորապես` հայկական բանկերն ունեն Fitch-ի վարկանիշեր, որը ազդում է դրսից ներգրավվող միջոցների տոկոսադրույքի եւ պայմանների վրա:




























